Սա խոսում է մեկ բանի մասին, որ մեդիագրագիտության, օրենքով շարժվելու մեծ բաց կա. Գեղամ Մանուկյանը՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի հրապարակումների մասին

15:40 • 06.06.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներում ամենաքիչ հետաքրքրողը մեդիագրագիտությունն է, այստեղ ամենակարևորը անձական տվյալները, մարդու անձնական կյանք ներխուժելու հետ կապված օրենքների պահանջները պաշտպանելն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվող լուսանկարներին, որոնցից որոշները, երբ պարզվում է նախկինում է արված, ջնջում է ֆեյսբուքից:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ մեդիագրագետ գործելուն, ապա Գեղամ Մանուկյանն ասաց.«Սա խոսում է մեկ բանի մասին, որ մեր երկրում մեդիագրագիտության, օրենքների իմացության և օրենքով շարժվելու մեծ բաց կա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե վարչապետը եղել է լրագրող, հիմա հրապարակումներ է անում, որոնք սխալ տվյալներ են պարունակում, և հեռացնում է էջից, որպես լրագրող կարող էր տիրապետել այդ հարցրերին, սա ի՞նչ է ենթադրում, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավարը նշեց, որ շատ լրագրողներ կան, որ եղել են լրագրող, պատգամավոր են և շարունակում են օրենքներով չշարժվել:

«Սա նշանակում է, որ հայկական մամուլում եղել են խնդիրներ, շարունակում են այդ խնդիրները մեծ հիմնախնդիր մնալ»,-ասաց նա:

Նա նկատեց, որ ամեն քաղաքացի իրավունք ունի իր իրավունքները պաշտպանել, ցանկացածը կարող է դիմել դատական ատյաններին իր իրավունքների պաշտպանության՝ տվյալ դեպքում անձնական կյանքի մեջ ներխուժման համար: «Օրենքների փոփոխություն անհրաժեշտ չէ, օրենքները պաշտպանելու պահանջն է անհրաժեշտ»,-հավելեց նա: