Առողջապահության նախարարը չի մտածում խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում. ի սկզբանե կորոնավիրուսի դեմ պայքարի հստակ ռազմավարություն չի եղել. համաճարակաբան

13:06 • 21.06.20

Նախարարի խոսքն ուրիշ է. եթե նա լիներ սովորական մասնագետ կամ քաղաքացի, կարող էր անել հայտարարություններ, որոնք կարող էին ճիշտ լինել այս կամ այն չափով, բայց եթե նախարար ես, պետք է իմանաս յուրաքանչյուր խոսքիդ արժեքը և կանխատեսես, որ կարող է լինել իրավիճակի այլ զարգացում, որը կբերի լուրջ հետևանքների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին:

«Նախարարն այն ժամանակ հայտարարում էր, թե կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, ու իրավիճակը փոխվել է, արդյունքում՝ իր խոսքին հավատացող քիչ մարդիկ կան: Խնդիրն այն է, որ նախարարը չի մտածում իր խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում: Խիստ արժեզրկվել է պետական մարմնի խոսքի կշիռը: Ժողովուրդն արդեն ոչինչ չի լսում»,-ասաց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիների վարքաբանական կանոնների հաճախակի փոփոխությանը, Հովհաննիսյանը նշեց, թե համաճարակի դեմ պայքարն ի սկզբանե պետք է ունենար ռազմավարություն, ինչը չի եղել: «Պետք է առաջին օրվանից մշակվեր, հստակեցվեր ընդհանուր մեկ ռազմավարություն, որ կլիներ բժշկագիտության հիման վրա: Համաճարակի դեմ վարքաբանական պայքարն ամբողջ պայքարի միայն մի մասն է: Միայն վարքագծով համաճարակի դեմն առնել չենք կարող: Կոմպլեքս միջոցառումների անհրաժեշտություն կա, մինչդեռ այդ ամբողջ ռազմավարությունը չկա»,-նշեց նա:

Ի սկզբանե քաղաքացիները պատրաստ էին պահպանել հակահամաճարակային կանոները, սակայն այդ կոնանները ճիշտ մշակված չեն եղել:

«Այս պարագայում չպետք է մեղադրել ժողովրդին՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և վիրուսի տարածման համար: Ժողովրդի կողմից պատրաստակամությունը՝ կատարել որոշակի միջոցառումներ, ենթարկվել սահմանափակումների, կատարել հրահանգները, եղել է մարտ-ապրիլին: Մարդիկ անում էին այն, ինչն ասվում էր: Բայց սահմանված կանոնները, օրինակ՝ տնից դուրս գալիս՝ ձևաթղթի պարտադիր լրացումը, արդյունավետ չէր, ինչի հետևանքով ունեցանք անհավատություն: Այս պարագայում մարդկանցից ինչ-որ բան պահանջելը կամ վարքագծի վրա հույս դնելը սխալ է, այն միայն ինչ-որ չափով կարող է պաշտպանել վարակից»,-ասաց նա:

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց են եղել կառավարության մի շարք որոշումներ, որոնք ևս բխում են հստակ ռազմավարություն չունենալուց:

«Օրինակ՝ կարանտին հայտարարելը ճիշտ էր, դրա կատարման ձևը՝ սխալ:  Փետրվար ամսին նախարարությունն իրականում չէր պատկերացնում, թե ինչի հետ գործ ունի, նախարարը մասնագետների հետ որևէ հարց չէր քննարկում: Համաճարակաբանության սկզբունք  է՝ եթե կա անծանոթ վիրուս, այն պետք է ընդունել որպես շատ վտանգավոր, մինչև ապացուցված չէ հակառակը: Կորոնավիրուսն ի սկզբանե պետք է դիտարկվեր որպես շատ վտանգավոր վիրուս, հետևաբար գործողություններն էլ պետք է համաչափ լինեին, կարանտինը պետք է հայտարարվեր հնարավորինս շուտ»,-ասաց նա՝ նշելով, որ եթե հայտարարվում է կարանտին, այն պետք է լինի միանգամից շատ խիստ, ամբողջ ուժով, հետո միայն, հնարավորությունները ուսումնասիրելով, անցնել թուլացումների:

«Մեզ մոտ հակառակն էր՝ կարանտինը հայտարարվեց, ու ասացին՝ տեսնենք, եթե արդյունք չտա, կխստացնենք սահմանափակումները, ինչն էլ հնարավորություն տվեց, որ վիրուսը տարածվի»,-նշեց Հովհաննիսյանը:

Մյուս խնդիրը, ըստ համաճարակաբանի, այն է, որ ըստ առողջապահության նախարարի՝ վիրուսը կարող էր նահանջել եղանակների տաքացմանը զուգընթաց, և հակահամաճարակային գորոծողությունները պլանավորվել էին մինչև ապրիլ-մայիս ամիսներ: