Պետական կառույցները դիմակներ են գնում 2 ամիս առաջ արտադրություն սկսած «Տավուշ տեքստիլից», ըստ տնօրենի՝ պայմանավորվածություն չունեն, որ պետք է միայն իրենցից գնեն

21:20 • 05.07.20

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը ներկայումս Հայաստանում ամենամեծ քանակի դիմակներ արտադրող ընկերությունն է, դիմակների արտադրությունը ընկերությունը սկսել է ընդամենը երկու ամիս առաջ՝ մայիսի 4-ից: Ընկերությունից այսօր բժշկական դիմակներ հատը 60 դրամով ձեռք են բերում պետական կառույցները: «Տենդեր մոնիթորինգ» կայքից Tert.am-ը տեղեկանում է, որ ընկերությունից դիմակների վերջին խոշոր ձեռքբերումը՝ 1.8 մլն դրամի, կատարել է վարչապետի աշխատակազմը:

Tert.am-ը զրուցել է «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք կա պայմանավորվածություն, որ պետական կառույցներն այսուհետ պետք է իրենցից ձեռք բերեն դիմակներ, քանի պետական կառույց է ձեռք բերում և այլ հարցեր:

Եզեկյանը նախ նշեց, որ չի հաշվել, թե քանի պետական կառույց է իրենցից դիմակ ձեռք բերում: «Երևի բոլորն էլ ձեռք են բերում և ոչ միայն մեզնից: Եթե ես չեմ սխալվում, մրցույթով չի արվում ձեռքբերումը: Որոշում կար, որ դիմակների, բժշկական այլ պարագաների հետ կապված գնումները պարզեցված ընթացակարգով են անում կազմակերպությունները»,- ասաց նա:

Հարցին՝ չի՞ կարող ասել, թե այս պահին քանի պետական կառույց է իրենցից ձեռք բերել դիմակներ, տնօրենն ասաց. «Մեզնից ձեռք են բերել Ազգային ժողովը, դատախազությունը, բժշկական հաստատությունները, կառավարությունը, սպասարկման ՊՈԱԿ-ը. երևի 4-5 պետական կառույց»:

Իսկ թե երբվանից են սկսել պետական կառույցներն իրենցից ձեռք բերել, նա նշեց, որ իրենց արտադրությունը սկսել են մայիսի 4-ից, և որ «Տավուշ տեքստիլը» Հայաստանի ամենախոշոր դիմակ արտադրող կազմակերպությունն է:

«Երբ դեֆիցիտ կար Հայաստանում, մենք ենք արտադրել, որի շնորհիվ այսօր դեֆիցիտ չկա, պրոֆիցիտ կա, և նույնիսկ կարող են արտահանում անել: Այնպես չէ, որ մենք միայն պետական կառույցներին ենք տալիս, ումից պատվեր է լինում, տալիս ենք: Հստակ օր չեմ կարող ասել, թե երբվանից ենք սկսել պետական կառույցների մատակարարել, բայց մայիսից, որ սկսել ենք արտադրել, արդեն պատվերներ ունեցել ենք, ավելի ճիշտ՝ սկսել ենք արտադրել, հետո պատվերներ ենք ստացել»,- ասաց նա:

Միքայել Եզեկյանը նշեց, որ երկու այլ ընկերություններ էլ կան, որոնք դիմակ են արտադրում. «Հնարավոր է, որ այդ մարդկանցից էլ են ձեռքբերում անում, բայց կա որակի հարց, թե ինչ հումքով է պատրաստվում, ինչպես է արվում: Ես հոդված եմ տեսել, թե 35 դրամանոց դիմակներ կան, ինչո՞ւ են 60 դրամով գնում կատարում: Այսօր մարդկանց տեխնիկական կտորով կարված դիմակ են տալիս ու ասում են՝ եթե դիմակ դնեն, մարդիկ լուրջ խնդիրներ կունենան, իհարկե, եթե այդպիսի դիմակներ դնեն կունենան խնդիրներ»,- նշեց նա:

Եզեկյանը հավելեց. «Նույն պետական գնումների հետ կապված հոդված կար, որտեղ ասում էին՝ 60 դրամով Նիկոլ Փաշինյանը իր գործարանից դիմակ է ձեռք բերում ու բաժանում ժողովորդին, առաջին հերթին դա սուտ է, երբ մենք կայինք, մենք աշխատում էինք Փաշինյանն ու իր շրջապատը չկային ընդհանրապես, մենք 15 թվականից ենք աշխատում»:

Դիտարկմանը՝ դիմակ սկսել եք արտադրել այս տարվա մայիսից, ընդամենը երկու ամիս առաջ, նա ասաց. «Այո, այն ժամանակ բանվորական ձեռնոցների արտադրություն ունեինք, մեզ հետ նույնականացնում էին Սարգսյանների ընտանիքին, ասում էին մեզ հետ «փայ» են, այսօր ասում են, թե Փաշինյանն է «փայ», դրանք սուտ ինֆորմացիաներ են»:

Նա նորից նշեց, թե տեխնիկական կտորից կարած դիմակներով մարդկանց թունավորում, սպանում են, և ընդգծեց. «Մինչև մեր արտադրելը այդ նույն տեխնիկական կտորով անհայտ պայմաններում, անհայտ ձևով կարված դիմկաները 400 դրամով list.am-ով վաճառում էին, այսօր «Տավուշ տեքստիլի» աշխատանքի շնորհիվ է նաև, որ շուկայում նորմալ սերիտեֆիկացված դիմակները դարձել են 60 դրամ, ինչն էլ կապված է հումքի գներից»:

Հարցին՝ պետական կառույցների կողմից կա՞ իրենց հետ պայմանավորվածություն, որ այսուհետ միայն իրենցից են ձեռք բերելու դիմակներ, նա նշեց՝ որևէ նման պայմանավորվածություն չի եղել: «Մեր պետական կառույցներն իրենց նման բան թույլ չեն տա առաջին հերթին, ինչի՞ մասին է խոսքը: Կա շուկա, կա առաջարկ, կա պահանջարկ: Ես առաջարկում եմ բարձր որակի, մեկն առաջարկում է միջին կամ ցածր որակի, եթե մենք ենք կարողանում այդ ստանդարտը պահենք, բարձր որակի դիմակ արտադրենք, մենք արդեն ստեղծում ենք այն պայմանը, որ մեզնից վերցնեն: Եթե այլ մեկը կստեղծի ավելի լավ որակով, ավեի լավ պայմանով… չկա նման բան, որ ինչ-որ պայմանավորվածություն ունենք, որ մեզնից վերցնեն, չկա նման բան»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում 2015 թվականից դիմակ արտադրող «Սալյուս» ընկերության տնօրեն Ժիրայր Մանդալյանը նշել էր, որ պետական կառույցներն իրենցի այլևս գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա: Տնօրենը հավելել էր, որ եթե այդպես շարունակվի, գուցե դադարեցնենք հայկական դիմակների արտադրությունը: Նշենք նաև, որ «Սալյուսը» ևս 60 դրամով է վաճառել դիմկաները պետական կառույցներին և որակն էլ ավելի վատ չէ: Ընկերության տնօրենը նաև նշել էր, որ իրենք լրացուցիչ ներդրումներ էին կատարել, ավելի շատ հումք էին ձեռք բերել դիմակների արտադրության համար, սակայն հիմա կանգնած են փաստի առաջ: