Իրանը հրաժարվել է փոխհատուցում վճարել հունվարին խոցված ուկրաինական օդանավի զոհված ուղևորների ընտանիքներին
Թեհրանը մերժել է ուկրաինական կողմի առաջարկը 2020 թվականի հունվարին ուկրաինական Boeing 737-ի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալու մասին: Ինչպես փոխանցում է rosbalt.ru-ն, այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը:
Վերջինս հավելել է, որ Կիևը հույս ունի շարունակել բանակցությունները և ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել որոշակի գումարների մասին: Ենինի խոսքով՝ ներկա պահին ամեն ինչ կախված է իրանական կողմի քաղաքական կամքից:
Իրանի իշխանություններն ավելի վաղ հրաժարվել էին Ուկրաինա ուղարկել խոցված օդանավի «սև արկղերը»: Դրանք որոշվել էր ուղարկել Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավը Թեհրանից Կիև ուղևորվելիս կործանվել էր հունվարի 8-ին: Ավիաաղետը տեղի էր ունեցել, երբ իրանցի զինվորականները սխալմամբ խոցել էին ուղևորատար ինքնաթիռը: Օդանավում 176 մարդ էր եղել, որոնք բոլորն էլ մահացել են:










