Մոսկվայում հայերի և ադրբեջանցիերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորվել է 8 հայ

17:38 • 30.07.20

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանություն է տարվել և ինքնությունը պարզելուց հետո ազատ արձակվել շուրջ 1000 հայ, այս պահին երկու ամսով 8 քաղաքացի է գտնվում կալանքի տակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Ռուսասատանի հայերի միության մոսկովյան գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանը:

Նա հավելեց, որ 15 մարդ ենթարկվել է 1000 -1500 ռուբլու չափով վարչական տուգանքի: Պետրոսյանը նշեց, որ կալանավորված քաղաքացիներին ցուցաբերվում է պատշաճ իրավաբանական աջակցություն:

«Բերման ենթարկված քաղաքացիների մեծ մասը եղել են նրանք, ովքեր կազմել էին ավտոմեքենաների շարասյուն և շրջում էին քաղաքում դրոշներով: Նրանց հրավիրել են ոստիկանություն՝ չարտոնված ակցիա անցկացնելու համար և արձանագրություն կազմելուց հետո բաց թողել: Այս պահին կալանքի տակ են գտնվում նրանք, ովքեր կասկածվում են ադրբեջանցիների ռեստորաններ ներխուժելու և խուլիգանական գործողություններ կատարելու համար»- ասաց նա:

Շահեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ կալանավորված քաղաքացիները մեղադրվում են խուլիգանության և հասարակական կարգը խախտելու համար: Նրա խոսքով՝ տեղի ունեցած դեպքերի առիթվ այս պահին կա հայազգի երկու տուժող՝ BMW մակնիշի մեքենայի վարորդ Գարիկ Գրիգորյանը և Էրիկ Անանյանը: Նրանց նույնպես տրամադրվել է իրավաբան:

Ինչ վերաբերում է նրան, թե քանի ադրբեջանցի կա կալանավարված, Պետրոսյանը նշեց, թե ստույգ թիվ չի կարող ասել:

«Միջադեպի առաջին իսկ օրվանից հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել բոլոր պետական կառույցների հետ, բոլորի հետ փորձել է բանակցել, որ այս ամենը վերջանա, ինչի արդյունքում էլ տեղի ունեցավ  քաղաքական որոշում, որ պետք է վերջ դրվի ՌԴ-ում նման գործելաոճին»,- հավելեց նա: