Արտակարգ դրության պահպանումը արդյունավետ գործում է քաղաքական պայքարը ճնշելու նպատակով. Երվանդ Վարոսյան

17:49 • 30.07.20

Իշխանությանն արտակարգ դրության բոլոր տարրերից հիմնականում հետաքրքրում է հավաքների ազատությունը ճնշելը, ընդ որում, այս դեպքում էլ  տարբերակված մոտեցում է ցուցաբերվում՝ կան հավաքներ, որոնք լավ էլ թույլատրվում են, իսկ այն հավաքները, որոնք ունեն  քաղաքական որևէ ենթատեքստ, կամ ուղղված են իշխանություններին քննադատելուն, ապա այդ հավաքը անմիջապես ճնշվում է. Tert.am –ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելքին:

«Արտակարգ դրության պահպանումը արդյունավետ գործում է քաղաքական պայքարը ճնշելու նպատակով: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք ինչ որ անհայտ ծագման քաղաքական գործիչների հավաքներ, օրինակ, նախագահական նստավայրի դիմաց, կամ այլ պահանջներով սովորական քաղաքացիների հավաքներն այդպես չեն ճնշվում,  ինչպես քաղաքական ուղղվածության հավաքները, սա է պատճառը, որ ակնհայտորեն կարող ենք պնդել, որ առհասարակ արտակարգ դրության իմաստը հենց դա էր: Սակայն ինչքան էլ բիրտ մեթոդներով փորձ արվի ազատ խոսքը արտահայտելու և հավաքներ իրականացնելու  իրավունքը ճնշել,  դա երկար կյանք չի ունենալու»,-նշեց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն հաստատել է, որ միջազգային դաշնագրում ամրագրված խաղաղ հավաքների արգելքը կորոնավիրուսի պայմաններում պետք է գործածվի միայն որպես ծայրահեղ միջոց, փաստաբանը նշեց, որ նման խնդրի բարձրացումը խոսում է այն մասին, որ այլ երկրներում ևս հավաքների ճնշումը կիրառվում է քաղաքական նպատակներով. «Համոզված եմ, որ այդ խնդիրը կա նաև այլ երկրներում և նմանատիպ առիթից օգտվող իշխանություններ այլ երկրներում էլ կան, և դա է պատճառը, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն է նման հայտարարությամբ հանդես եկել»:

Դիտարկմանը, թե արտակարգ դրությունը արդյոք հնարավո՞ր է օգոստոսի 12-ից հետո կրկին երկարաձգվի, փաստաբանը նշեց,

«Իրավական առումով ես առհասարակ կարծում եմ, որ արտակարգ դրությունը ոչ մի հիմք չուներ: Ի սկզբանե, արտակարգ դրություն սահմանելը փնթի ձևով իրականացվեց՝ օրենքի էական խախտումներով, ինչը այս իշխանությունների պարագայում բնական երևույթ է՝ իրենք աչքի են ընկնում իրավունքի և օրենքի հանդեպ փնթի վերաբերմունքով: Ես հույս ունեմ, որ օգոստոսի 12-ից հետո արտակարգ դրությունը չի երկարացվի, սակայն ինչ որոշում կկայացնեն, դա կապված է մեկ մարդուց»,-ավելացրեց նա: