Թուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Միջին Ասիայի երկրների հետ. Военное Обозрение

11:25 • 28.10.20

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախապես ծրագրված մի շարք այցեր է իրականացրել Միջին Ասիայի երկրներ: Ուղևորության հիմնական նպատակը ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն է, գրում է Военное Обозрение-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը Պակիստան կատարած այցից հետո մեկնել է Ղազախստան, այնուհետև՝ Ուզբեկստան։ 

Ղազախստանում Աքարը հանդիպում է ունեցել իր գործընկեր Նուռլան Երմեկբաևի հետ․ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ղազախ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Ղազախստանի ռազմավարական գործընկերն է, և որ երկու երկրի միջև ռազմական ոլորտի մի շարք՝ այդ թվում գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրեր կան։ 

Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելի ուշ Ուզբեկստանում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոևի և Պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովի հետ: Բանակցությունների հիմնական թեման երկու երկրի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներն են եղել։ 

Նախարարների հանդիպումն ավարտվել է Ուզբեկստանի և Թուրքիայի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի ստորագրմամբ։