Վարչապետն առաջարկել է շարունակել ծառայությունս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում, ինչին չեմ համաձայնել. Միքայել Համբարձումյան

18:05 • 08.11.20

ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն, ով այսօր ազատվեց աշխատանքից, հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնում է Aysor.am–ը։

«Դեռևս հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել և իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել:

Այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում մեր համատեղ կատարած աշխատանքի համար, ինձ առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղակալի՝ իմ նախկին պաշտոնում, որին չեմ համաձայնել՝ միևնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իմ խնդրանքը, որը բավարարվել է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց, գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար», - ասված է հայտարարությունում։