Ավելի քան 2700 զոհ. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է արցախյան վերջին պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը

15:34 • 03.12.20

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է արցախյան վերջին պատերազմում կրած կորուստների մասին: Այս մասին տեղեկանում ենք az.sputniknews.ru կայքից:

Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ պատերազմում զոհվել է երկրի զինված ուժերի 2783 զինծառայող:

Հաղորդագրության համաձայն՝ ԴՆԹ անալիզի միջոցով շարունակվում են աշխատանքները ևս 103 զինծառայողի անձը հաստատելու ուղղությամբ:

Բացի այդ, 1245 զինծառայող շարունակում է բուժում ստանալ հոսպիտալներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։