ՀՀ բուհերի ռեկտորները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու. ԵՊՀ դասախոսներ (տեսանյութ)
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծում կատարված մի շարք փոփոխության արդյունքում լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարն իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև կառավարման խորհրդի ձևավորումը՝ մինչև 5 տարի ժամկետով:
Սրանով, փաստորեն, հնարավորություն է տրվում տևական ժամանակ չունենալ Հոգաբարձուների խորհուրդ, չունենալ կառավարման խորհուրդ և միանգամից նշանակել բուհի ռեկտոր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՀՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգում ոչ զեկուցվող հարցի կարգավիճակով ընդգրկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ ներկայացնելու մասին որոշումը:
«Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում: Այս նախագծով և ներդրված վերջին փոփոխությամբ բուհի կառավարման և՛ կոլեգիալ մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, և՛ միանձնյա կառավարման մարմինը՝ գործադիրը, ռեկտորը միանգամից նշանակվում են մեկ մարդու կողմից: Սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում և խախտում է և առաջացնելու է տուրբուլենտություն՝ բուհերն անմիջաբար կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից, և վերջիններիս փոփոխության պայմաններում անընդհատ բուհերի կառավարման ոլորտներում առաջանալու են նոր փոփոխություններ»,-ասաց նա:
Սողոմոնյանի խոսքով՝ այդ ամենի արդյունքում ակադեմիական համայնքը զրկվելու է իր իսկ կառավարմանը մասնակցելու հնարավորությունից:
Նա ընդգծեց, որ ԵՊՀ գիտական խորհուրդը դեռևս սույն թվականի փետրվարի 21-ի նիստում քննարկելով օրենքը՝ մի շարք կարևոր փոփոխությունների առաջարկություններ է ներկայացրել: «Դրանցից մեկն այն է, որ պետք է օրենքով սահմանել, որ ԵՊՀ-ն լինի կրթագիտական ինքնավար հաստատություն, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանի կառավարությունը, որ բուհերի կառավարման խորհրդում լինի այնպիսի համամասնություն, որ ապահովի ողջամիտ ինքնավարություն, հստակեցվեն բուհերի կառավարման առանձնահատկությունները, որ բոլոր բուհերի համար հավասար գործելու պայմաններ լինեն»,-ասաց նա՝ նշելով, թե այս փաթեթները, կարելի է ասել, ուշադրության չեն արժանացել:
Ըստ Սողոմոնյանի՝ նախագիծը ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ-ի կողմից բացասական եզրակացության է արժանացել մի քանի խնդիրների պատճառով. «Խնդիրներից մեկն այն է, որ այս օրենքով շեշտակի նվազում է բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների հնարավորությունը:
Առկա են նաև ԳԱԱ կարգավիճակի՝ ոչ հստակ լինելը, որոշ հայագիտական դասընթացների՝ որպես պարտադիր բաղադրիչ դուրս գալու խնդիրը»,-ներկայացրեց Սողոմոնյանը:










