Սանկտ Պետերբուրգի իշխանությունները կոչ են արել զբոսաշրջիկներին ամանորյա տոներին չայցելել քաղաք

16:42 • 03.12.20

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները մտածված նվազեցնում են քաղաքի զբոսաշրջային գրավչությունը՝ հորդորելով զբոսաշրջիկներին ամանորյա տոներին չայցելել քաղաք։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Եվգենի Ելինը։

«Մենք շատ ենք սիրում հյուրերին, շատ ենք սիրում զբոսաշրջիկներին, սակայն, ներեցեք, ոչ այս տարի։ Ուստի մենք նվազեցնում ենք քաղաքի զբոսաշրջային գրավչությունը և ասում ենք մեր հյուրերին. «Թույլ տվեք մենք հոգանք ձեր առողջության, ձեր երեխաների առողջության ու բնակիչների առողջության մասին, պետք չէ այս տարի գալ մեզ մոտ»», - ասել է նա։

Բացի այդ, Ելինը նաև նշել է, որ ամանորյա հանգստյան օրերին Ռուսական թանգարանն ու «Էրմիտաժ»-ը չեն գործելու։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները որոշել էին ամանորյա տոնական օրերի ընթացքում փակել բոլոր սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև արգելել այցելել թանգարաններ, թատրոններ ու համերգներ։