Մենք պետք է հանդիմանանք ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք Փաշինյանի անցնցում հեռացումը. Մասիսի քաղաքապետ

16:04 • 04.12.20

Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված հայտարարության մեջ նշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական պահերից մեկը: Կորսված է Արցախը, կոլապսի մեջ է պետական ապարատը, մարդիկ թողնված են բախտի քմահաճույքին: Ակնհայտ է Հայոց պետականության գոյության անմիջական վտանգը: Այս ծանր օրերին մենք մեր ազգային միասնականությամբ պետք է հանդիմանանք արկածախնդիր, ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք վարչապետ Փաշինյանի անցնցում հեռացումը:

Նա պետք է անհապաղ հրաժարական տա, որից հետո ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը՝ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ պետք է երկիրը դուրս բերի ճգնաժամից և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ժամանակն է դուրս գալու փողոց և լսելի դարձնելու բոլորիս զայրույթի և բողոքի ձայնը:

Շաբաթ օրը, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00 բոլորս միասին պետք է լինենք Երևանի Ազատության հրապարակում՝ միասնական ընդդիմության կողմից հրավիրված համազգային հանրահավաքին»,- գրել է նա: