«Մի դրամի ուժը»՝  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին (տեսանյութ)

20:50 • 04.12.20

Յուրաքանչյուր զինվոր ունի իր պատմությունը՝ տարբեր ավարտով, մի բան է նույնը՝ պայքարել, ապաքինվել և վերադառնալ հայրենիքի պաշտպանության անձնուրաց գործին:

Պատերազմում վիրավորված զինվորները վերականգնողական բուժումն ստանում են Զինվորի տանը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այս պահին բուժվում է 200 զինվոր։ Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց՝ զինվորները ուժեղ են և տրամադրված են հաղթական, բայց շատերը ընկերներ են կորցրել և այդ վիշտը իրենց սրտից դեռ դուրս չի եկել:

Խոսելով աջակցության մասին` կենտրոնի տնօրենը նշեց. «Պետական աջակցություն այս պահին չունենք, սակայն տարբեր հիմնադրամներից և կազմակերպություններից աջակցություն ունենք»:

Աջակցության վառ օրինակ է «Մի դրամի ուժը» ծրագիրը, ինչի շնորհիվ Idram-ի և IDBank-ի հաճախորդները հնարավորություն ունեն հերթական անգամ դառնալ բարի կամքի դեսպան, և պարզապես վճարումները կատարելով Իդրամով, IDBanking.am հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով նպաստել մեծ գումար կուտակվելուն: Դեկտեմբերի 1-ից 2021թ․ փետրվարի 28-ն կուտակված մի դրամների ամբողջ գումարն ուղղվելու է հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության նախորդ փուլերում, ելնելով իրավիճակից, նպատակի որոշակի փոփոխություններ եղան․ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ը կուտակված գումարը պետք է ուղղվեր ծառատունկին՝ Ծիծեռնակաբերդի այրված այգում: IDBank-ն և Idram-ը ծառատունկն իրականացրին սեփական միջոցներով, իսկ հավաքված 2,5 միլիոն դրամն ուղղվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախին աջակցելու համար:

«Հիմա, երբ պատերազմն ավարտվել է, և մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, կարծում ենք, որ պետք է մեր պարտքը տանք հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին, և այս անգամ 3 603 291 դրամը փոխանցում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- ասաց Idram ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բացի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից Բանկն իրականացնում է այլ բարեգործական նախագծեր, որոնք հիմնականում ուղղված են պատերազմից տուժած ընտանիքներին օգնությանը։

«Մասնավորապես Բանկը միացել է նաև «Հայ մայրեր» ՀԿ «Միասին» նախաձեռնությանը, որի ընթացքում հիմնականում Շուշիից և Հադրութից Հայաստան եկած, անտուն մնացած ընտանիքների կանայք կվերապատրաստվեն, կստանան մասնագիտական որակավորում: Նաև կստանան առաջին անհրաժեշտության գործիքներ՝ իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

«Հայ մայրեր» ՀԿ ղեկավար Նարինե Մանուկյանն էլ նշեց՝ 6 կին ծրագրի շնորհիվ ձեռք կբերի արդիական մասնագիտություններ:

«Հիմնականում ընտրել են կարուձև և մատնահարդարում: Մենք կկարողանանք նրանց տալ արդիական մասնագիտություններ և մրցունակ դարձնել աշխատաշուկայում»,- նշեց նա:

IDBank-ի ու Idram-ի ներկայացուցիչները շեշտում են, այս պահին աջակցության բոլոր ծրագրերի նպատակը մեկն է՝ հետպատերազմական շրջանում նպաստել մեր երկրի, վիրավոր կամ զոհված զինծառայողների, Արցախից տեղահանված ընտանիքների հնարավորինս արագ վերականգնմանը։

Լրագրող՝ Լուսինե Զարայելյան