Կիպրոսը 2021թ. COVID-19-ի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկներին կսկսի ընդունել առանց թեստի

18:00 • 04.12.20

Կիպրոսի իշխանությունները COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկներին թույլ կտան երկիր այցելել առանց վարակի առկայության թեստավորում անցնելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Cyprus Mail հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի հայտարարությունը:

«Տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսի ներկայացրած ծրագրի համաձայն, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի մարտի 1-ին, մարդիկ, որոնք COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել, պարտավոր չեն լինի ժամանելուց հետո փաստաթուղթ ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վերաբերյալ»,-ասվում Է փաստաթղթում:

Ինչպես իր հերթին նշում Է The Guardian բրիտանական հրատարակությունը, այդ միջոցառումը ներառված Է երկրի ավիահաղորդակցությունների վերսկսման վերաբերյալ փոփոխված ծրագրում:

The Guardian-ն ընդգծում Է, որ Կիպրոսի կառավարության այս միջոցառումն այն բանի ապացույցն Է, որ կյանքը շատ ավելի պարզ կդառնա այն մարդկանց համար, ովքեր որոշել են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալ, չնայած իշխանությունների և փորձագետների այն հավաստիացումներին, թե պատվաստումը պարտադիր չի լինի:

Ներկայում կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերը, որոնք մշակվել են ամերիկյան Pfizer ընկերության կողմից, գերմանական BioNTech-ի հետ համատեղ, և Moderna ընկերության կողմից, ներկայացվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի կարգավորիչ մարմինների քննարկմանը:

Դրա արդյունավետությունը, ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների, կազմում Է 95 տոկոս և 94,1 տոկոս՝ համապատասխանաբար: Այս շաբաթ Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը հավանություն տվեց Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի կիրառմանը: Պատվաստումների արշավը երկրում կսկսվի հաջորդ շաբաթ: