«Մենք գիտենք՝ ով է սպանել Ֆախիզադեին և վրեժ կլուծենք». Ռոհանին Էրդողանի հետ քննարկել է երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը

13:17 • 04.12.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ժամանակին պատասխանել երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ, գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, հայտնում է almasdarnews.com-ը:

«Կասկած չկա, որ իրանցի գիտնականի սպանությունը վկայում է Իրանի ժողովրդի իրական թշնամիների անզորությունը, և այդ մեծ սպանության դեմ վրեժը Իրանի կառավարության իրավունքն է»- ասել է Ռոհանին:

Նա շնորհակալություն է հայտնել Էրդողանին Իրանի ժողովրդի հետ Թուրքիայի համերաշխության և Ֆախրիզադեի սպանությունը դատապարտելու համար` հավելելով, որ Իրանի համար բավական հստակ է, թե ով է պատասխանատու այդ գործողության և սպանության համար:

Ռոհանին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի առանցքային անձը լինելով՝ Ֆախրիզադեն իր կյանքի վերջին ամիսներին պայքարել է կորոնավիրուսի դեմ, ավարտել հետազորտությունը, արտադրել բժշկական սարքավորումներ և ախտորոշիչ թեստեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։