Ռուսական НТВ հեռուստաալիքի երկու աշխատակցի են ձերբակալել Թուրքիայում. դրանից հետո վերջիններս դադարել են կապի դուրս գալ
Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի թղթակից Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը ձերբակալվել են Ստամբուլում: Այս մասին հայտնում է հեռուստաընկերության կայքը:
«Դեկտեմբերի 3-ի առավոտյան թղթակից Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը հայտնել են խմբագրությանը, որ ոստիկաններն իրենց ձերբակալել են Ստամբուլի մերձակայքում: Այնուհետև կապը նրանց հետ ընդհատվել է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ երեկոյան թղթակցին հաջողվել է կարճ հաղորդագրություն ուղարկել՝ հայտնելով, որ իրենց դեռ պահում են ոստիկանությունում: Հեռուստաընկերության աշխատակիցներն այլևս կապի դուրս չեն եկել: НТВ-ից հայտնել են, որ սերտորեն համագործակցում են ՌԴ ԱԳՆ-ի և Թուրքիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության հետ:










