Ֆախրիզադեի սպանությունից հետո ԱՄՆ-ը և Իսրայելն ամրապնդում են երկու բանակների կապերը՝ Իրանի կողմից հարձակման հավանականության ֆոնին. Haaretz

14:07 • 04.12.20

Իսրայելցի և ամերիկացի բարձրաստիճան սպաները վերջերս հանդիպել են՝ երկու բանակների կապերն ամրապնդելու և Թեհրանի միջուկային ծրագրի գլխավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո իրանական հավանական պատասխան գործողություններին նախապատրաստվելու նպատակով: Այս մասին գրում է իսրայելական Haaretz-ը։

Պարբերականը նշում է, որ պաշտպանական շատ միջոցներ ձեռնարկվել են որպես համակարգման մաս՝ իրանական հավանական պատասխան գործողության ակնկալիքով, քանի որ այդ միջոցառումները ներառում են տարածաշրջանում իսրայելական կամ ամերիկյան թիրախների ուղղությամբ հրթիռների արձակման համատեղ հայտնաբերում:

Իսրայելում պաշտպանական ոլորտի պաշտոնյաները կարծում են, որ մեծ հավանականություն կա առ այն, որ Իրանն իր գիտնականի սպանության համար վրեժխնդիր կլինի այս ամիս, որպեսզի պատասխան հարվածը չհամընկնի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության հետ և այդպիսով այդ օրվանից ապահով հեռավորություն պահվի: Հայտնի է, որ Բայդենի երդմնակալությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 20-ին:

Միևնույն ժամանակ, ըստ իսրայելական կողմի, բացառվում է «Հըզբալլահ»-ի տարածաշրջանային ռազմական էսկալացիան, և որ այն ամեն ինչ անելու է, որպեսզի հետաձգի իրանական ջանքերը՝ նրան հնարավոր պատասխան գրոհներում ներգրավելու համար:

Ըստ պարբերականի՝ Իրանը վրեժ լուծելու մի շարք տարբերակներ ունի Իրաքում և Սիրիայում,  գուցե նույնիսկ Եմենի հութիների միջոցով, որոնք կարող են սպառնալ Իսրայելի ծովային առևտրին Կարմիր ծովի միջով:

Հիշեցնենք՝ Մոհսեն Ֆախրիզադեն, որն Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարը և միջուկային ծրագրի գլխավոր մասնագետն էր, սպանվել է նոյեմբերի 27-ին Թեհրանի մերձակայքում անհայտ հարձակվողների կողմից: Չնայած որ դեռևս որևէ սուբյեկտ կամ երկիր չի ստանձնել սպանության պատասխանատվությունը, իրանական իշխանություններն Իսրայելին են համարում սպանության պատասխանատուն՝ Իրանի ժողովրդական մոջահեդների հետ միասին։