Էրդողանն իշխանության ներկայացուցիչներին կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ և օրինակ ծառայել ժողովրդին

17:39 • 04.12.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իր երկիրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գնման հարցով բանակցություններ է վարում ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Էրդողանն ասել է Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո՝ ընդգծելով, որ ինքն անձամբ պատրաստ է պատվաստում ստանալ։

«Մենք պատվաստանյութի ընտրության հնարավորություն կունենանք։ Մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն Չինաստանի, այլև Ռուսաստանի հետ։ Ես որևէ խնդիր կամ հարց այդ ներարկման հետ կապված չունեմ։ Չէ՞ որ սա առողջության հարց է, և դրա համար հարկավոր է անհրաժեշտ ամեն բան անել», - ասել է Էրդողանը Habertürk TV հեռուստաալիքի եթերում։

Նա նաև հավելել է, որ ղեկավարության ներկայացուցիչները պետք է նման քայլ անեն ու ստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որպեսզի օրինակ ծառայեն բոլոր քաղաքացիներին։

Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել էր, որ հանրապետությունում բնակչության շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն դեկտեմբերի 11-ից, իսկ մինչ այդ կմատակարարվի չինական պատվաստանյութի առաջին չափաքանակը։

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ առաջիկայում Թուրքիայում մեկնարկելու են ռուսական պատվաստանյութի թունաբանական հետազոտությունները։