Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել «Քովիդ-19»-ի դեմ առաջին պատվաստումը
Մեծ Բրիտանիայում այսօր մեկնարկել է զանգվածային պատվաստումն՝ ընդդեմ «Քովիդ-19» կորոնավիրուսի: Ինչպես փոխանցոմ է BBC News-ը, ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութն առաջինն ստացել է Մարգրեթ Քինենը, որի 91-ամյակը լրանալու է հաջորդ շաբաթ:
Բրիտանուհու խոսքով՝ «դա լավագույն ծննդյան նվերն էր իր համար»: Առաջիկա շաբաթներին նախատեսվում է օգտագործել առաջին 800 000 չափաբաժինը, որով նախևառաջ կպատվաստվեն 80-ն անց քաղաքացիներն ու բժշկական ոլորտի աշխատակիցները:
Բրիտանական կառավարությունը նախատեսում է մինչև ամսվա վերջ ևս 5 մլն չափաբաժին ձեռք բերել: Նշվում է, որ երկրորդ մարդը, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, Քովենտրի քաղաքի 81-ամյա բնակիչ Ուիլյամ Շեքսպիրն է:
Ընդհանուր առմամբ, առավոտյան ժամերին երկրի բնակիչներն ու բուժաշխատողները ներարկումներ են ստացել մոտ 50 հիվանդանոցներում:
Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է աշխարհում, որը սկսել է կիրառել Pfizer ընկերության պատվաստանյութը:










