«Աշխարհը կանգնած է 80 տարվա ընթացքում խոշորագույն տնտեսական անկման առջև»․ Գուտերեշ

21:38 • 11.12.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհում կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը:

«Համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները հսկայական են, և դրանք շարունակում են ահագնանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող  շտկել վնասը, որն արդեն իսկ հասցվել է։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ ռեցեսիայի առջև», - ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով Նոբելյան մրցանակի համաժողովում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ երկրները չեն կարողացել միավորվել՝ կորոնավիրուսի նետած մարտահրավերին դիմագրավելու համար։

«Ցավոք, երկրների կառավարությունները այդ գլոբալ սպառնալիքի դեմ համատեղ պատասխան գործողություններ չձեռնարկեցին»,- նշել է նա։

Գուտերեշի խոսքով՝ համաճարակին արձագանքը «մասնատված և քաոսային» էր:

Նա նաև հավելել է, որ «երկրները, տարածաշրջանները և նույնիսկ քաղաքները մրցակցում էին առաջին անհրաժեշտության ապրանքների և առաջատար աշխատողների համար»։