«Սիոնիստական ռեժիմը մոտ է իր կործանմանը»․ ԻՀՊԿ հրամանատար
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի կողմից կատարված վախկոտ ու դաժան հանցագործությունները նրան ավելի են մոտեցրել իր անկմանը, գրում է Tasnim News Agency-ն։
Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը կվճարի իր կատարած հանցագործությունների համար։
«Սիոնիստական վարչակարգը և նրա կամակատարներն անպայման կվճարեն նման բարբարոսական հանցագործությունների համար, և Իրանի մեծ ժողովուրդը ճիշտ ժամանակին նրանցից խիստ վրեժխնդիր կլինի»,- հավելել է հրամանատարը:
Այս շաբաթ իր ելույթում Սալամին նաև հայտարարել էր, որ Իրանն ինքը կընտրի՝ ինչպես արձագանքել ականավոր գիտնականի սպանությանը:
Հիշեցնենք, որ միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեն, որը ղեկավարում էր Իրանի ՊՆ-ին կից հետազոտությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին Թեհրանում: Իրանական հատուկ ծառայությունները փաստում են, որ սպանության ժամանակ օգտագործվել է արբանյակային կառավարման միջոց և արհեստական բանականություն:










