Երևանում և մարզերում համաժամանակ սկսվել են ընդդիմության կողմնակիցների զանգվածային երթերը․ ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 11-ին Երևանում և Մարզերում տեղի ունեցած բողոքի ցույցերին: ԶԼՄ-ներն ընդգծել են ակցիայի մասշտաբային բնույթն ու ուշադրություն հրավիրել տեղի ունեցած ձերբակալություններին:
НТВ հեռուստաալիքը, մասնավորապես գրում է, որ դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության աշխատակիցների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։ Հեռուստաալիքը գրում է, որ ոստիկանությունն ձերբակալել է մի քանի տասնյակ ցուցարարների։
«Մարդիկ վանկարկում են «Հայաստանն առանց Նիկոլի» և «Նիկոլ դավաճան»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Vesti.ru-ն նույնպես հաղորդում է այսօր ցույցերի ընթացքում տեղի ունեցած ձերբակալությունների և բախումների մասին՝ նշելով, որ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և մյուս ընդդիմադիր ակտիվիստներին։
Երևանում և մարզերում տեղի ունեցած ցույցերը լուսաբանել է նաև «Իզվեստիայի» թղթակիցը՝ հայտնելով, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից ոմանց նստեցրել են ոստիկանական մեքենաներ, իսկ ակցիայի մյուս մասնակիցները երթ են կազմակերպել կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով «Հայաստանն առանց Նիկոլի» և «Նիկոլ դավաճան»։
«ՏԱՍՍ» գործակալությունը, անդրադառնալով այսօր տեղի ունեցած ցույցերին, նշում է, որ Երևանի մի քանի փողոցներից միանգամից սկսվել են ընդդիմության կողմնակիցների երթերը, որոնք շարժվել են դեպի Ազատության հրապարակ։ Այնտեղից ընդդիմադիրներն իրականացրել են «արժանապատվության երթ»՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«ՏԱՍՍ»-ի թղթակից նաև հայտնել է, որ Մոլդովական, Թոթովենցի, Ազատության և Ադոնցի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կանգնեցվել է, իսկ առավոտյան ցուցարարները կաթվածահար են արել Երևանի մետրոյի աշխատանքը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները երթով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և հասնելով կառավարության շենք՝ հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։
Գործակալությունն ավելի ուշ նաև հաղորդել է, որ Երևանում ընթացող ցույցերին զուգահեռ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը։
Ձերբակալությունների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների ու ցուցարարների միջև բախումներին անդրադարձել է նաև «Կոմերսանտ» գործակալությունը՝ հաղորդելով, որ ցույցերի ընթացքում տուժել են երկու քաղաքացիներ։
Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 11-ի բողոքի ակցիաներին անդրադարձել են նաև ռուսական «Գազետա» թերթը, «Սպուտնիկ» ռուսական ռադիոն, «Ռեգնում» լրատվական գործակալությունը, «Լենտա»-ն։










