Նիկոլ Փաշինյանի մնալը կոչնչացնի ՀՀ-ն, սա պետք է բոլորը գիտակցեն. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացի (տեսանյութ)

17:06 • 11.12.20

Ես չեմ պատկերացնում, որ երկիրը կարող է ղեկավարել պարտված, ոչնչացված մի անձնավորություն, մարդ, որը նվաստացրել է բոլորիս, իրավունք չունի ղեկավարել այս երկիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցներից Երվանդ Բասենցյանը:

«Ես ուղղակի էժանագին մանիպուլյացիա եմ համարում այն հայտարարությունը, թե իրենք փրկել են 25 հազար զինվորի կյանք ու դրա համար են ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Ինչպե՞ս են նման թիվ հրապարակում այն դեպքում, երբ Արցախում 40 հազար զորք ենք ունեցել, ի՞նչ է դա նշանակում, դա աբսուրդ է»,- նշեց նա:

Նրա համոզմամբ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, երկրում լարվածությունը, անկայունությունը շարունակվելու են, Հայաստանում չեն լինելու ո՛չ ներդրումներ, ո՛չ զարգացում: «Էլ չեմ խոսում, որ առջևում սպասվում է մեծ արտագաղթ: Նրա մնալը կոչնչացնի Հայաստանի Հանրապետությունը, սա պետք է բոլորը գիտակցեն, եթե Փաշինյանը չհեռանա, Հայաստանն ապագա չի ունենա»,- շեշտեց Երվանդ Բասենցյանը:

Նա վստահություն հայտնեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին կհաջողվի երկիրը դուրս բերել այս վիճակից, և ընդգծեց, որ նրա շուրջը կա մեծ կոնսոլիդացիա: