«Պատժամիջոցները ոչ մի օգուտ չեն բերի». Էրդողանը հայտարարել է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների անարդյունավետության մասին

17:51 • 11.12.20

Թուրքիայի սերտ տնտեսական և քաղաքական հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ չեն կարող անտեսվել, Անկարայի նկատմամբ նրանց պատժամիջոցները ոչ մեկին ձեռնտու չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ունենք ամուր քաղաքական և տնտեսական կապեր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, որոնք հնարավոր չէ անտեսել: Պատժամիջոցները ոչ մի օգուտ չեն բերի մեր օրակարգին, դրանք միայն վնաս կհասցնեն: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները օբյեկտիվ դիրքորոշում կորդեգրեն»,-հայտարարել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարների առջև տեսակոնֆերանսի  ձևաչափով ունեցած ելույթում:

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները համաձայնության էին եկել Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման համար Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցներն ընդլայնելու մասին որոշման շուրջ: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հանձնարարվել է նաև աշխատել մինչև 2021 թվականի մարտը Արևելյան Միջերկրական ծովի իրադրության վերաբերյալ միջազգային խորհրդաժողով հրավիրելու ուղղությամբ և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին զեկույց մշակել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն պատրաստվում է կիրառել Անկարայի կողմից ռուսական С-400- ները ձեռք բերելու պատճառով, կարող են կիրառվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ: Ակնկալվում է, որ պատժամիջոցների կիրառման մասին կհայտարարվի մոտ օրերս:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: