ԼՂ-ում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանական միջոցներով

09:21 • 12.12.20

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով՝ կրակոցներից և բեկորներից պաշտպանվելու, ինչպես նաև մոտակա տարածքին հետևելու համար, ՌԴ ՊՆ-ին հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուս խաղաղապահներն իրենց դիտակետերը կահավորել են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, սննդի պատրաստման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորումներ, էլեկտրական սարքեր, ջեռուցման և օդորակման համակարգ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։