Հրապարակվել է Արցախի նախագահ Ա. Հարությունյանի և ազատամարտիկ Ռ. Իսրայելյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված զրույցի ձայնագրությունը. Իսրայելյանը հաստատել է՝ զրույցը եղել է նոյեմբերի 6-7-ին
Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արայիկ Հարությունյանը ասում է՝ 10 օր է, ինչ խնդրում է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել պատերազմը, բայց ապարդյուն, նա շարունակում է, ինչպես ինքն է նշում՝ «քաղաքական բաները»:
«Ասում եմ մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերը պահեմ, չի ուղարկում»,- ասում է Հարությունյանը, ինչի ի պատասխա Իսրայելյանը նշում է.
«Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ»:
Արցախի նախագահը զրույցի ընթացքում նշում է. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը հաստատել է, որ խոսակցությունը եղել է իր և Արայիկ Հարությունյանի միջև:
«Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա»,- ասել է նա և հավելել, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, Իսրայելյանն ասել է՝ հնարավոր է:










