«Խնդրում եմ ուշադիր կարդացեք Իրանի և մասնավորապես՝ Իսլամական Հանրապետության պատմությունը». իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «խորհրդով» դիմել է Էրդողանին

10:48 • 12.12.20

Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել լավ ուսումնասիրել պատմությունը, գրում է IRNA գործակալությունը։

«Էրդողանի վերջին դիտողություններն ինձ ապշեցրել են։ Հետաքրքիր է՝ Թուրքիայի նախագահը գիտի՞՝ ինչ է խոսում։ Պարոն նախագահ, հարևանության և էքսպանսիոնիզմի ակնկալիքի միջև տարբերություն կա»,-Twitter-ի իր էջում գրել է Աբդոլլահիանը:

Նա նաև Էրդողանին կոչ է արել հայտարարություններով հանդես գալուց առաջ կարդալ պատմությունը։

«Խնդրում եմ ուշադիր կարդացեք Իրանի և մասնավորապես՝ Իսլամական Հանրապետության պատմությունը», - հավելել է նա։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։

«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։

Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։