ԱՄՆ-ում առաջարկել են «նահանգների միություն» ստեղծել
ԱՄՆ Տեխաս նահանգի Հանրապետական կուսակցության նախագահ Ալեն Ուեսթը, ի պատասխան Գերագույն դատարանի՝ նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման մասին հայցը մերժելու որոշմանը, առաջարկել է «Սահմանադրության սկզբունքները հարգող «նահանգների միություն» ձևավորել», գրում է The Hill-ը։
Նրա խոսքով՝ Գերագույն դատարանի որոշումը, որը մերժել է Տեխասի՝ Ջորջիայի, Միչիգանի, Փենսիլվանիայի և Վիսկոնսինի դեմ հայցը, վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը թույլ է տալիս որոշ նահանգների խախտել ամերիկյան Սահմանադրությունը և դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրել:
«Այդ որոշումը հետագայում բացասական հետևանքներ կունենա մեր սահմանադրական Հանրապետության ապագայի համար։ Գուցե օրինապահ նահանգները պետք է միավորվեն և ձևավորեն Նահանգների միություն, որը հավատարիմ կլինի Սահմանադրությանը»,- եզրափակել է Ուեսթը։
Վերջինիս խոսքերը հարուցել են հանրության և լրատվամիջոցների ոչ միանշանակ արձագանքը: Սպիտակ տանը CNN-ի թղթակից Ջիմ Ակոստան Ուեսթի այս հայտարարությունը մեկնաբանել է որպես «Միացյալ Նահանգների կազմից դուրս գալու ցանկության» արտահայտում։
Իսկ սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են հանրապետականի հայտարարությունը՝ այդ գաղափարը համեմատելով քաղաքացիական պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կազմից հարավային նահանգների դուրս գալու հետ (1861-1865 թվականներ):
Ավելի վաղ Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Կայլ Բիդերմանն առաջարկել էր ԱՄՆ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել։
Բիդերմանի խոսքով՝ դաշնային կառավարությունը դուրս է եկել վերահսկողությունից և այլևս չի ներկայացնում տեխասցիների արժեքները:
«Ուստի ես պարտավորվում եմ օրինագիծ ներկայացնել, որը թույլ կտա տեխասցիներին հանրաքվե անցկացնել՝ Տեխասի նահանգը որպես անկախ պետություն ճանաչելու համար»,- Twitter-ում գրել էր օրենսդիրը:










