Ադրբեջանում չեղարկվել է ռազմական դրությունը, որը հայտարարվել էր սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների շրջանակում. РИА Новости

05:21 • 12.12.20

Ադրբեջանում ռազմական դրությունը չեղարկվել է շաբաթ 00:00-ից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ուրբաթ քննարկվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի «Ռազմական դրության չեղարկման մասին» որոշումը հաստատելու հարցը: Օրենսդիր մարմինը հաստատել է ռազմական դրության չեղարկումը»,- գրել է լրատվամիջոցը:

Ադրբեջանում ռազմական դրություն էր հայտարարվել սեպտեմբերի 28-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ: