Նրանք գիտեն և կարողանում են այնպես անել, որ կառավարությունն աշխատի մարդկանց համար. Բայդենը ներկայացրել է նախարարների կաբինետի նոր անդամներին
Նախնական տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը ներկայացրել է իր աշխատակազմի նոր անդամներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, շարունակելով, որ Բայդենը շարունակում է ընտրել իր թիմի անդամներին, դեռևս թափուր է միայն գլխավոր դատախազի պաշտոնը:
Նշվում է, որ թեկնածուների ներկայացման արարողությունը հեռարձակվում է տեղի հեռուստաալիքներով:
Այսպիսով, նախարարների պաշտոններում ուրբաթ ներկայացված թեկնածուների թվում են գյուղատնտեսության նախարար Թիմ Վիլսակը, որը պաշտոնատար անձ էր Օբամայի օրոք, Դենիս ՄակԴոնան, որը Օբամայի օրոք Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր, իսկ այժմ կնշանակվի վետերանների հարցով նախարար:
Լրատվամիջոցը գրում է, որ ևս մեկ ծանոթ դեմք է Սյուզան Ռայսը, որը Օբամայի ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդականն էր և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը: Այժմ, նա Բայդենի վարչախմբում լինելու է ներքին քաղաքականության գծով նախագահի խորհրդական:
«Նա կվարի և կկոորդինացնի իմ ներքին քաղաքականությունը…, այն մեծ և ծայրահեղ կարևոր աշխատանք է»,- ասել է Բայդենը՝ ներկայացնելով Ռայսին:
Իր նշանակած պաշտոնյաներին ներկայացնելիս՝ Բայդենը վստահեցրել է, որ նրանց թվում շատերին ամերիկացիները ճանաչում են. «նրանք գիտեն և կարողանում են այնպես անել, որ կառավարությունն աշխատի մարդկանց համար»:
Բայդենի թիմում ընդգրկված հարաբերականորեն նոր դեմքերի թվում են Մարսիա Ֆաջը, որը կին կոնգրեսական է և ղեկավարելու է ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարությունը, ինչպես նաև Քեթրին Թայը, որը կլինի ասիական ծագումով առաջին ամերիկուհին ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի պաշտոնում:










