Չեչնիայում մեկ օրում 5 երկրաշարժ է տեղի ունեցել
Չեչնիայում հինգերորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ծառայությանը:
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Հյուսիս-օսական մասնաճյուղի տվյալներով՝ 2,9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մոսկվայի ժամանակով 16:36-ի դրությամբ:
Գերատեսչությունից նշում են, որ էպիկենտրոնը գտնվել է Ուրուս-Մարտանովսկի շրջանում:
Առաջին ամենահզոր երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի գիշեր՝ Մոսկվայի ժամանակով 00:30-ին: Ցնցումները մի քանի վայրկյան են տևել: Մայրաքաղաք Գրոզնիի բնակիչները զգացել են այդ ցնցումները, բնակարաններում շարժվել են ջահերն ու կահույքը:
Ցերեկային ժամերին ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել նաև 14:40-ին, 15:08-ին, 16:05-ին՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություն չի ստացվել:










