Որքան շատ մնաց Նիկոլ Փաշինյանը, այնքան մենք հայրենիք ենք կորցնելու. բողոքի ակցիա՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում (տեսանյութ)
Այսօր քաղաքացիներն անհնազանդության ակցիա իրականացրին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք փակեցին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկը՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»։ Ցուցարարները ոստիկաններից հինգ րոպե ժամանակ խնդրեցին իրենց ակցիան իրականացնելու համար, որից հետո ճանապարհը բացեցին:
«Այստեղից ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանի վարչակազմը սպասարկողներին, մարդիկ, ովքեր մինչև այսօր մնացել են Նիկոլ Փաշինյանի կողքին։ Երեկ գիշերվա տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած պահի լքել հայրենիքը` այստեղ թողնելով մնացածին, իսկ մնացածի համար ճանապարհ չի լինելու Հայաստանից դուրս, նրանք մնալու և պատասխան են տալու օրենքի առաջ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակից Գագիկ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի ակցիաները շարունակական են լինելու: «Շարունակելու են այնքան ժամանակ, մինչև դավաճանը կհասկանա, որ հայրեինք ենք կորցրել, Արցախն ենք կորցրել և ինչպես տեսնում ենք` Հայաստանի սահմաններից ներս տեղի է ունենում Ադրբեջանի զորքերի կողմից մեր տարածքները գրավելու գործընթաց: Շարունակելու ենք մինչև դավաճանը, նրա համախոհները, ամբողջ Կառավարությունն իշխանությունից հեռանա, որպեսզի գան նոր մարդիկ, ովքեր կարողանան բանակցել, որ գոնե պահենք այն, ինչ մնացել է մեր հայրենիքից»,- ասաց նա։
Գագիկ Բաղդասարյանը նաև նշեց, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք մոլորության մեջ են, մարդիկ, որոնք կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մեր կյանքում փոփոխություններ բերել: «Խաբեբա Նիկոլը պետք է հեռանա, որքան շատ մնաց Նիկոլը այնքան մենք հայրենիք ենք կորցնելու»,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










