Արցախում խնդիրը երկու գյուղի հետ է կապված, որոնցից մեկը, կարծես, ադրբեջանական վերահսկողության տակ է, մյուսը՝ կիսատ-պռատ. Մարուքյանն ԱԽ նիստից հետո ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը (տեսանյութ)

20:54 • 13.12.20

Խոսքը երկու գյուղի մասին է, որոնցից մեկը, կարծես թե, իրենց վերահսկողության տակ է, մյուսը՝ կիսատ-պռատ: Այս մասին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակին:

«Կոնկրետ մեր կողմը կռիվ է տվել այդտեղ, տվյալներ ունենք, որ ոչ միայն ադրբեջանական հատուկ ջոկատայիններ են եղել, այլ նաև՝ թուրքական զինված ուժերի: Ռուսական ու ադրբեջանական կողմերի միջև այժմ բանակցություններ են ընթանում Արցախի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի հատվածում բնագծերի ճշգրտման ուղղությամբ: Պատերազմն այնպես է ավարտվել, որ հայկական կողմը մնացել է այդ տարածքներում և տիրապետել է դրանց, այժմ այլ բան է, որ Ադրբեջանն ասելու է, թե իրենք են այդտեղ եղել պատերազմը դադարելու պահին: Փաստն այն է, որ այդ գյուղերը մեր վերահսկողության տակ են եղել, իսկ այժմ ադրբեջանական կողմը փորձում է դա էլ իր վերահսկողության տակ վերցնել»,- նշել է Մարուքյանը: 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այժմ նշված հատվածներում իրավիճակը կայունացել է, Մարուքյանն ասել է, որ եթե դեռևս կան սահմանազատման հետ կապված վիճահարույց հարցեր, ապա եղած խաղաղությունը շատ փխրուն է լինելու:

«Ցանկացած պահի կարող են նման դեպքեր լինել»,- նշել է Մարուքյանը: