Մինսկում ձերբակալություններ են սկսվել տարբեր շրջաններում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցների շրջանում (տեսանյութ)
Մինսկում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալություններ են իրականացնում կիրակնօրյա բողոքի ցույցի մասնակիցների շրջանում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բելառուսական աղբյուրին:
Հաղորդվում է, որ ուժայինները մի քանի մարդկանց են ձերբակալել տարբեր փողոցներում: ՕՄՕՆ-ի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսներ են նկատվել բելառուսական մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Նրանք մարդկանց բերման են ենթարկում նաև բակերից, որտեղ փոքրաթիվ հավաքներ են կազմակերպվում:
Նշվում է, որ ցուցարարների՝ տասնյակից մինչև մի քանի հարյուրի հասնող շարասյուներ են երթ իրականացնում տարբեր թաղամասերի փողոցներում:
Հիշեցնենք, որ ընդդիմության և նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներով հաղթող էր ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Քաղաքացիներն, ավանդաբար, մայրաքաղաքի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են իրականացնում կիրակի օրերին:










