Times-ը տեղեկացրել է, որ նախքան Գերմանիա ուղարկվելը Նավալնիին 2-րդ անգամ թունավորելու փորձ է արվել
Բրիտանական Times թերթը, վկայակոչելով գերմանական հատուկ ծառայությունների իր անանուն աղբյուրներին, վստահեցնում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Ռուսաստանում փորձել են թունավորել նաև երկրորդ անգամ, երբ նա արհեստական կոմայով պառկած է եղել Օմսկի հիանդանոցում:
Հոդվածը լույս է տեսել Նավալնիի հետ կապված միջադեպի հետաքննության հարցում ԳԴՀ-ի կողմից համագործակցությունը մերժելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մանրամասն բացատրությունից մեկ օր անց, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Անհաջող առաջին մահափորձից հետո, պետական անվտանգության կասկածյալ պաշտոնյաները փորձել են ավարտել սպանությունը ... թույնի երկրորդ չափաբաժնով, մինչև նա կտեղափոխվեր Բեռլին` անվտանգ վայր», - գրում է պարբերականը՝ չնշելով որևէ հատուկ կասկածյալ անձի կամ գերատեսչության:
Պարբերականի համաձայն, գերմանական հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները այս եզրակացություններով կիսվել են Մեծ Բրիտանիայում իրենց գործընկերների հետ: Վստահեցվում է, որ Նավալնուն փորձել են թունավորել, երբ պատրաստվում էին բժշկական ինքնաթիռով տեղափոխել նրան Գերմանիա: Այնուամենայնիվ, այս տեսության համար ապացույցներ չեն բերվում:
«Դա արվել է այն ակնկալիքով, որ նա (Նավալնին) Բեռլին հասնելու ժամանակ մահացած կլիներ», - մեջբերում է թերթը աղբյուրներից մեկին, որի անունը չի նշվում:
Ի պատասխան այդպիսի մեղադրանքների ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել է, որ եթե իշխանությունները ցանկանան ինչ-որ մեկին թունավորել, նրան դժվար թե ուղարկեն բուժման Գերմանիայում:
Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:










