Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ավստրիան Իրանում անցկացվելիք բիզնես համաժողովը բոյկոտել են ընդդիմադիր լրագրողի մահապատժի պատճառով

11:25 • 14.12.20

Եվրոպական 4 երկիր հրաժարվել է մասնակցել Իրանում կայանալիք առցանց բիզնես համաժողովին: Այս մասին գրում է BBC-ն, նշելով՝ բոյկոտի պատճառն իրանցի ընդդիմադիր լրագրող Ռուհոլլա Զամի մահապատիժն էր. վերջինս մեղադրվում էր բջջային հավելվածի միջոցով երկրում խռովություններ հրահրելու մեջ։

Նա ակտիվորեն լուսաբանել էր 2017 թվականին Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները:

Հիշեցնենք՝ Ռուհոլլա Զամը Ֆրանսիայում ապաստան էր ստացել, բայց ավելի ուշ ձերբակալվել էր Իրաքում և տեղափոխվել Իրան։ Զամին կախաղան են բարձրացրել դեկտեմբերի 12-ին։

Ֆրանսիայի պնդմամբ՝ իրականացված մահապատիժը «բարբարոսական և անընդունելի» է։ Բացի այդ՝ դեպքի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև  Եվրամիությունը՝ խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը։ Ի պատասխան քննադատության՝ Իրանը Ֆրանսիայի և Գերմանիայի (որը ներկայումս ԵՄ նախագահն է) պատվիրակներին կանչել է քննարկման։

Այնուհետև Ֆրանսիան հայտարարություն է տարածել այն մասին, որ Իրանում իր դեսպանը չի մասնակցի Եվրոպա-Իրան բիզնես համաժողովին։ Միջոցառումը բոյկոտել են նաև Գերմանիան, Իտալիան և Ավստրիան։

Ավելի ուշ համաժողովի կազմակերպիչները հետաձգել են միջոցառումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 12-ին «հակահեղափոխական գործողությունների» համար Իրանում կախաղան է բարձրացվել ընդդիմադիր լրատվական կայքի՝ «Ahmad News»-ի ղեկավար Ռուհոլլահ Զամը: