ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը դատապարտել է ամերիկյան ԶԼՄ-ների՝ Մոսկվային կիբերհարձակումների համար մեղադրելու փորձերը

10:22 • 14.12.20

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն անհիմն է համարել ամերիկյան լրատվամիջոցների փորձերը` մեղադրել Ռուսաստանի Դաշնությանն ԱՄՆ կառավարության մարմինների նկատմամբ հաքերային հարձակումներ կատարելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ հաքերների մի խումբ, օտարերկրյա կառավարության աջակցությամբ, կարողացել է մուտք գործել ԱՄՆ ֆինանսների նախարարության և Հեռահաղորդակցության և տեղեկատվության ազգային վարչության համակարգ և հափշտակել նրանց տվյալները: Կոտրման մասշտաբներն այնքան մեծ էին, որ շաբաթ օրը, ըստ  աղբյուրներից մեկի, տեղի է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նիստ:  Ինչպես գրել է Washington Post-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հարձակման համար մեղադրել են ռուս հաքերներին, սակայն հաղորդագրության մեջ ոչ մի ապացույց չի ներկայացվում:

«Մենք ուշադրություն ենք դարձրել ամերիկյան ԶԼՄ-ների հերթական անհիմն փորձերին` մեղադրել Ռուսաստանին ԱՄՆ պետական մարմինների վրա հաքերային հարձակումներ անելու համար: Մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք. տեղեկատվական տարածքում հարձակումները հակասում են մեր երկրի արտաքին քաղաքական սկզբունքներին, նրա ազգային շահերին և պետությունների միջև հարաբերությունների կառուցման ըմբռնմանը: Ռուսաստանը չի իրականացնում «հարձակողական» գործողություններ վիրտուալ միջավայրում»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը խթանում է կիբերանվտանգության վերաբերյալ երկկողմ և բազմակողմ համաձայնագրերը: Բացի այդ, դեսպանատունը հիշեցրել է միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում ռուս-ամերիկյան համագործակցությունը վերականգնելու միջոցառումների համապարփակ ծրագրի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը:

«Մենք այդպես էլ Վաշինգտոնից պատասխան չենք ստացել, ինչպես երկու երկրների միջև կառուցողական և հավասար երկխոսություն կառուցելու մեր մյուս առաջարկների դեպքում», - ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնությունը մեկ անգամ չէ, որ անհիմն  է անվանել Արևմուտքի մեղադրանքները այն մասին, թե ռուս հաքերները ներգրավված են եղել տարբեր հարձակումների մեջ: Միևնույն ժամանակ, Մոսկվան առաջարկել է Արևմուտքին վերսկսել երկխոսությունը կիբերանվտանգության վերաբերյալ, բայց «կատեգորիկ մերժում» է ստացել: