«Պետք չէ նրանց թերագնահատել». ամերիկացի բարձրաստիճան գեներալը բացատրել է՝ ինչի շնորհիվ է ՌԴ-ն շարունակում մեծ տերություն մնալ
Ռուսաստանը մեծ տերության կարգավիճակը պահպանում է իր զինված ուժերի բարձր արհեստավարժության և դրանց՝ հանձնարարված խնդիրները լուծելու ունակության շնորհիվ: Այս մասին The Wall Street journal պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի (ԲԲ) ղեկավար գեներալ Մարկ Միլին:
«Ռուս զինվորականները շատ լավն են, դրանում կասկած չկա»,- խոստովանել է նա՝ նշելով ՌԴ զինված ուժերի՝ տրված առաջադրանքների լուծման ոչ ավանդական ուղիներ գտնելու ունակությունը:
«Դրանք մարտահրավեր և սպառնալիք են (ԱՄՆ-ի համար): Պետք չէ թերագնահատել», - շարունակել է գեներալը`բարձր գնահատելով ռուսական բանակի ավիատիեզերական և կիբեր բաղադրիչների մակարդակն ու մարտական պատրաստությունը:
«Նրանց զինվորականությունը շատ հմուտ է և շատ արհեստավարժ: Նրանք այնքան շատ չեն, որքան Խորհրդային Միության ժամանակներում, բայց շատ հմուտ են: Իրականում, Ռուսաստանը մեծ տերություն է: Դա կասկածից վեր է` ելնելով նրանց հնարավորություններից», - բացատրել է գեներալը:
Միևնույն ժամանակ, նա «լայն ռազմավարական իմաստով» Ռուսաստանի Դաշնությունն անվանել է «անկում ապրող պետություն»՝ չնայած ռազմավարական միջուկային ուժերի առկայությանը: Միլին դա պայմանավորել է 1990-ականներին երկրում տեղի ունեցած իրադարձություններով և Բեռլինի պատի փլուզման հետևանքներով, ինչը բացասաբար է ազդել ռուսների ազգային հպարտության վրա:










