«Թուրքիան ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից»․ Չավուշօղլու
Թուրքիան Եվրամիության հնարավոր պատժամիջոցների կամ քննադատության պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից, երկուշաբթի հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Reuters-ը։
«Խոսք լինել չի կարող այն մասին, որ մենք ԵՄ-ի պատժամիջոցների կամ քննադատության պատճառով կարող ենք հրաժարվել Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում մեր իրավունքներից և շահերից»,- հայտարարել է նա։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները վշտացած են, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում ուժեղացել է Անկարայի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը:
«Ցավալի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում և Եվրոպայում ուժեղացել է մեր երկրի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը։ Թուրքիայի դեմ միջոցառումները չեն կանգնեցնի մեր իրավունքները պաշտպանելու մեր փորձերը»,- ասել էր նա։
Էրդողանի խոսքով՝ «պատժամիջոցների փոխարեն Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է կատարել միության մեջ մտնելու խոստումները, իսկ ԱՄՆ-ից՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերել»:
Ավելի վաղ ԵՄ առաջնորդները համաձայնության էին եկել Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման համար Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցներն ընդլայնելու մասին որոշման շուրջ: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հանձնարարվել է նաև աշխատել մինչև 2021 թվականի մարտը Արևելյան Միջերկրական ծովի իրադրության վերաբերյալ միջազգային խորհրդաժողով հրավիրելու ուղղությամբ և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին զեկույց մշակել:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:
«Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների արժեքավոր դաշնակիցն ու կարևոր գործընկերն է, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր բազմամյա պատմությունը՝ հնարավորինս արագ վերացնելով C-400-ի հետ կապված խոչընդոտը»,- ասված է նրա գրավոր հայտարարության մեջ:










