Լոնդոնը կորոնավիրուսի ֆոնին կվերադառնա խիստ «լոքդաունի» ռեժիմին

17:24 • 15.12.20

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կորոնավիրուսի դեպքերի աճի հետևանքով այս շաբաթ Լոնդոնը կվերադառնա խիստ «լոքդաունի» ռեժիմին, երկուշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը, հայտնում է cnn.com –ը:

Հենքոկը նշել է, որ Լոնդոնը, հարավային և արևմտյան Էսեքսսը և հարավային Հերդֆորդշիրը չորեքշաբթի առավոտյան ժամը 9-ին կանցնեն արգելափակման ռեժիմի 3-րդ՝ «շատ բարձր» աստիճանին:

Արգելափակման ամենաբարձր աստիճանով սահմանված՝ հյուրընկալության վայրերը ներառյալ փաբերը, սրճարանները և ռեստորանները  կփակվեն, բացառությամբ տեղափոխման և առաքման:

«Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք վիրուսի կտրուկ աճ ենք նկատել Լոնդոնում, Քենթում, Էսեքսսի և Հերտֆորդշիրի շրջաններում», - ասել է առողջապահության նախարարը:

Ի պատասխան Լոնդոնում աճող դեպքերի ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կտրուկ գործողություններ է ձեռնարկում վիրուսի տարածումը զսպելու համար: Լոնդոնի բնակիչներին արգելվել է հյուրեր ընդունել իրենց տներում՝ փոխարենը կարող են առավելագույնը 6 հոգանոց խմբերով հավաքվել բացօթյա տարածքներում: Հակառակ սահմանափակումներին՝ բաց կմնան մանրածախ վաճառքի կետերը:

«Մենք պետք է արագ և վճռական գործողությունների դիմենք, ինչը, ցավոք, կարևոր է այս մահացու հիվանդությունը վերահսկելու համար, մինչ պատվաստնյութերը դուրս կգան» - ասել է Հենքոկը՝ հավելելով, որ շատ շրջաններում ամեն 7 օրը մեկ հիվանդների թիվը կրկնապատկվում է, և եթե ոչինչ չձեռնարկեն վիճակը կարող է ծանրանալ:

Առողջապահության նախարարը նշել է, որ վաղ գործողություններ ձեռնարկելը ավելի արդյունավետ է և մեծ նշանակություն ունի վարակի տարածումը կանխելու տեսանկյունից:

Սուրբծննդյան տոների առթիվ, սակայն, իշխանությունները թույլատրել են երեք տան բնակիչների հավաքվել մեկ վայրում:

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն ասել է, որ այս սահմանափակումները վնասելու են առանց այդ էլ տուժած տնտեսությանը, սակայն համաճարակի պայմաններում այլ կերպ չի կարող լինել:

Առողջապահության նախարար Հենքոկը նշել է, որ Անգլիայի հարավ-արևելքում ի հայտ է եկել Covid-19 վարակի նոր տարբերակը: Վիրուսների գենետիկայի մասնագետները, անդրադառնալով վարակի նոր տարբերակին ասել են, որ անսպասելի չէ մուտացիայի առաջացումը:

Բազմաթիվ փորձագետներ Գիտության մեդիայի կենտրոնին հայտնել են, որ նոր տարբերակի առկայությունն անակնկալ չէ և դժվար թե խանգարի համաճարակի դեմ պայքարի ջանքերին: