Ադրբեջանում գերության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանը չի վերադարձել Հայաստան, թեև նրա անունը գերիների փոխանակման ցուցակում կար

14:29 • 15.12.20

Ադրբեջանում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել չի վերադարձվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա կինը`Հերմինե Առաքելյանը:

«Ես ասելու ոչինչ չունեմ, ոչինչ չգիտենք: Նարեկը չի վերադարձվել, նրա հետ ոչ մի կապ չի եղել, սպասում ենք իր վերադարձին, տեսնենք ինչպես կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետևից անվերադարձ գնացել: Հարազատները կասկածում էին, որ նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որում Սարդարյանը Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում, կամ ուզում է երրորդ երկիր գնալ:

Նշենք, որ երեկ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ: Գերիների ցուցակում ներառված էր նաև Նարեկ Սարդարյանի անունը, սակայն նա չի վերադարձվել: