Ամերիկացի սենատորը ողջունել է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը

17:22 • 15.12.20

Ամերիկացի սենատոր Քրիս Վան Հոլենը ողջունել է ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումը, գրում է Ekathimerini-ն։

«Տեսնելով, թե ինչպես է նախագահ Թրամփը բազմիցս հրաժարվում պատասխանատվության ենթարկել Թուրքիային և նախագահ Էրդողանին, ուրախ եմ տեսնել, որ այդ վարչակազմը վերջապես անհրաժեշտ պատժամիջոցներ է սահմանել, նույնիսկ եթե դա եղել է միայն Կոնգրեսի հետագա գործողությունների անմիջական սպառնալիքի ներքո»,– ասել է։

Նրա խոսքով՝  այդ միջոցներն Էրդողանին հստակ ազդանշան են ուղարկում առ այն, որ իրենք թույլ չենք տա նրան առանց հետևանքների խաթարել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անվտանգությունը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:

«Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների արժեքավոր դաշնակիցն ու կարևոր գործընկերն է, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր բազմամյա պատմությունը՝ հնարավորինս արագ վերացնելով C-400-ի հետ կապված խոչընդոտը»,- ասված է նրա գրավոր հայտարարության մեջ:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: