2020-ին ռուսական բանակը մեծացրել է հարձակողական զենքի պաշարները. The National Interest

16:14 • 15.12.20

2020թ.-ին Ռուսաստանի ցամաքային զորքերը ստացել են ավելի քան 2500 նոր զինատեսակներ, ներառյալ բարելավված «Բուկ-Մ3» հակաօդային պաշտպանության համակարգեր, «Տորնադո-Ս» բազմակի արձակման հրթիռային համակարգեր և չորրորդ սերնդի դյուրակիր զենիթահրթիռային կայանք՝ ուղղորդվող ինֆրակարմիր «Վերբա»-ներ: Այս մասին տեղեկացնում է լրագրող Փիթեր Սուչուն, որի հոդվածը տպագրվել է ամերիկյան The National Interest ամսագրում:

Նա մեջբերում է ՌԴ ցամաքային զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովի հայտարարությունը, ըստ որի՝ «2020-ին մարտական կարողությունները մեծացնելու և տեխնիկայի թարմացման նպատակով, ցամաքային ուժերի զորամասերն ու կազմավորումները ստացել են ավելի քան 2500 նոր հիմնական զենք, ռազմական և հատուկ տեխնիկա»: 

Հոդվածագրի խոսքով՝  «Տորնադո-Ս»-ը (Ռուսաստանի նորագույն ունիվերսալ բազմակի հրթիռային կայանք) համարվում է ամենահզորն աշխարհում, քանի որ այն ունի ամենաերկար հեռահարությունը: Վերջիններս իրենց նախորդ տեսակներից տարբերվում են ընդլայնված տիրույթով և բարելավված ճշգրտությամբ: Բացի այդ՝ զինատեսակները հագեցած են «խելացի» հրթիռներով և ունակ են զգալի հեռավորության վրա խոցել թշնամու հիմնական թիրախները:



«Սա «ԲՄ-30 Սմերչ» բազմաշերտ հրթիռային համակարգի խիստ արդիականացված տարբերակն է, որն առանձնանում է իր տարածության ավելացման և կրակելու ճշգրտությամբ: Ռումբերից յուրաքանչյուրի համար հնարավոր է ստեղծել յուրահատուկ թիրախ և հետագիծ: Համակարգը նախատեսված է հակառակորդի զինվորներին, ռազմական տեխնիկային, ծանր տեխնիկային, ինչպես նաև շարժվող թիրախներին՝ թե՛ մեկ առ մեկ, թե՛ խմբով ջախջախելու համար», - նկատում է հոդվածի հեղինակը:

Միևնույն ժամանակ լրագրողը մանրամասնում է, որ «Տորնադո-Ս»-ը կփոխարինի հնացած «ԲՄ-27 Ուրագան» ինքնագնաց բազմաշերտ հրթիռային կայանքին, որը ծառայության է անցել Կարմիր բանակի հետ (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության զինված ուժեր,- Tert.am) 1970-ականների վերջին, ինչպես նաև «ԲՄ-30 Սմերչ» ծանր բազմակի հրթիռային համակարգին, որը գործածվում է 1980-ի վերջից ի վեր: Երկուսն էլ կհանվեն ծառայությունից մինչև 2027 թվականի վերջը:

Հոդվածում մեջբերվում են նաև գեներալ Սալյուկովի խոսքերը, համաձայն որոնց՝ «հրետանային ստորաբաժանումները համալրվում են «Տորնադո-Գ» բազմակողմանի հրթիռային համակարգերով և «Մստա-ՍՄ» ինքնագնաց հաուբիցներով (հրետանային ռազմատեխնիկայի մաս, որն ի տարբերություն հրանոթի, արկը նետում է գրեթե հորիզոնական անկյան վրա,- Tert.am), որոնք ունակ են ինքնուրույն թիրախավորել»:

Բացի այդ, հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատարի խոսքով՝ «հակատանկային ստորաբաժանումները հագեցած են «Քրիզանտեմ-ՍՊ» հակատանկային հրթիռային համակարգերով, որանք ցանկացած եղանակին կարող են հաջողությամբ խոցել զրահամեքենաները և բոլոր ժամանակակից տանկերի զրահները»:

Ամփոփելով հոդվածը՝ հեղինակն անդրադառնում է ցամաքային զորքերի սպառազինությանը: Նա թվարկում է, որ ցամաքային ուժերի հետախուզական խմբերն ստացել են «Ստրելեց» անօդաչու թռչող սարքեր՝ նախատեսված հետախուզության համար և «Թայֆուն-Կ» ընտանիքին պատկանող թեթև զրահամեքենաներ: