ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնվել է կիբեռհարձակման ենթարկված կառույցների շարքում. The Washington Post
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը, Պետքարտուղարությունը և Առողջապահության ազգային ինստիտուտները համալրել են կիբեռհարձակման զոհ դարձած կառույցների շարքը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ նշելով, որ կիբեռհարձակումները տեղի են ունեցել «Ռուսաստանի՝ ամիսներ տևած թվային լրտեսության արդյունքում»:
Փորձագետների խոսքով՝ հաքերային հարձակումների հասցրած վնասը, թեև ամբողջությամբ պարզ չէ, այնուամենայնիվ զգալի ծավալների է հասնում:
Կիբեռլրտեսության ենթարկված կառույցների ցանկում արդեն ընդգրկվել էին ԱՄՆ ֆինանսների և առևտրի նախարարությունները: Ենթադրվում է, որ այլ դաշնային գործակալություններ և մասնավոր ընկերություններ ևս հայտնված կլինեն կիբեռհարձակումների ենթարկվածների շարքում:
Պարբերականը հայտնում է, որ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել կիբեռհարձակման ենթարկվելու մասին լուրը:
Ներկա պահին հայտնի է, որ հաքերային հարձակումների են ենթարկվել առնվազն 5 ամերիկյան պետական կառույցներ:
Հաքերային հարձակումների մասին լուրը հայտնի էր դարձել երկուշաբթի: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ հարձակման հետևում կանգնած է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը:










