Հայ զինվորականների գերեվարման հարցով ՀՀ ՊՆ-ն պարզաբանումների է սպասում Արցախի ՊԲ-ից
Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Արցախի ՊԲ-ն տեղեկությունը չի հաստատել, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրներում տարածվող տեղեկատվությունը, թե վերջին երեք օրում ևս 100 հայ է գերեվարվել:
«Պաշտպանության բանակը այդ տեղեկությունները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը, իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակի ու ռուս խաղաղապահ զորախումբ ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով»,- ասել է Պողոսյանը:
Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, թե երեք օր առաջ ևս 100 հայի են գերևարել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Նշենք, որ ռուսական կողմը քարտեզի փոփոխություն է կատարել և Հին Թաղեր ու Խծաբերդ համայքները հանվել են իր պաշտպանության գոտուց: Ի դեպ, այս երկու համայնքների վերաբերյալ Նիկոլ Փաշինյաննն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել էր. «Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»:










