«Բելառուսի ներքին գործերին արտաքին միջամտության սովորական փորձ». Բելառուսի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի նոր պատժամիջոցները

18:55 • 18.12.20

Մինսկի դեմ ԵՄ պատժամիջոցների երրորդ փաթեթը երկրի վրա զանգվածային ճնշման արշավի մի մասն է: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը, գրում է ria.ru-ն։

«Ոչ մի կասկած չկա, որ դա մեր երկրի վրա զանգվածային ճնշման նպատակաուղղված արշավի պարզունակ բաղադրիչն է։ Անկախ պետության ներքին գործերին արտաքին միջամտության սովորական փորձ, որի ինքնիշխանությանն աջակցելու մասին այդքան սիրում են ճամարտակել մեր եվրոպացի գործընկերները։ Կասկած չկա նաև, որ գործնականում այդ քայլերն ուղղված են նաև հասարակ բելառուսների շահերի դեմ»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների հերթական փաթեթի մասին որոշումը «միանգամայն հիմար, անհեռատես և բոլոր առումներով վնասակար որոշում է, որը կհանգեցնի միայն բացասական հետևանքների»։

Նախօրեին Եվրամիությունը երրորդ պատժամիջոցային ցանկն էր ընդունել, որում տեղ են գտել 29 բելառուս պաշտոնյաներ և 7 իրավաբանական անձինք, որոնց ԵՄ-ն մեղադրում է երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու և բողոքի ցույցերի մասնակիցների դեմ ուժ կիրառելու մեջ:

Պատժամիջոցային ցանկում են հայտնվել Белтехэкспорт ընկերությունը, անվավոր տրակտորներ արտադրող VOLAT գործարանը, Synesis IT-ընկերությունը: Ֆիզիկական անձանցից պատժամիջոցային ցանկում ներառվել են Բելառուսի Ազգային պետական հեռուստառադիոընկերության ղեկավար Իվան Էյսմոնտը, ինչպես նաև Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախկին ղեկավար, փոխվարչապետ Անատոլի Սիվակը: