ԱՄՆ փոխնախագահ Փենսը հրապարակայնորեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և նրա կինը՝ Կարեն Փենսը, այսօր հրապարակայնորեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ընթացակարգը հեռարձակվել Է NBC News հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Սկզբում բժիշկը նրանց խնդրել է հաստատել, որ նախկինում պատվաստանյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ չեն ունեցել։ Եվս մի քանի հարցերից հետո ներարկումներ են արվել, որից հետո բժիշկը զգուշացրել է, որ դա պատվաստանյութի միայն առաջին չափաբաժինն էր, իսկ երկրորդը կարելի է ստանալ 21 օր անց: Ամբողջ ընթացակարգը տևել է մի քանի րոպե։
«Ոչինչ չզգացի, շնորհակալ եմ։ Գնահատում եմ ձեր ծառայությունը երկրին»,- վերջում հայտարարել է Փենսը։
Նրա խոսքով՝ կնոջ հետ ուրախ է ցույց տալ, թե «ինչպես կարելի է անտանգ ու արդյունավետ պատվաստվել կորոնավիրուսի դեմ»։
«Հավատում եմ՝ պատմության մեջ կհիշատակվի, որ այս շաբաթը կորոնավիրուսի համավարակի ավարտի սկիզբն էր», - հավելել է Փենսը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավարությունը դեկտեմբերի 13-ին հանձնարարել Է ԱՄՆ-ում արտակարգ հանգամանքներում կիրառել BioNTech և Pfizer ընկերությունների պատվաստանյութը: Պատրաստուկը կկիրառվի 16 տարեկան և բարձր տարիքի մարդանց համար: Առողջապահության համակարգի աշխատակիցները և երկարատև խնամքի հիմնարկությունների խնամյալները պատվաստանյութը կստանան առաջինը:










