Արդյոք Բայդենը կկատարի սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հանգամանքները բացահայտելու նախընտրական խոստումը․ Washington Post
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը իշխանության գալուց հետո կկանգնի երկնտրանքի առաջ․ թույլ տալ, որ Սաուդյան Արաբիան շարունակի քողարկել Ջամալ Խաշոգջիի սպանության հանգամանքները, թե՞ կկատարի իր նախընտրական խոստումը և կբացահայտի դրանք, գրում է Washington Post-ը։
Ինչպես գրում է թերթը, ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս փորձել է արգելափակել տեղեկատվության հրապարակումն այն մասին, որ իր կառավարությունը տեղյակ է եղել Խաշոգջիի սպանության մասին՝ փորձելով պաշտպանել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, սակայն Բայդենը խոստացել է «լույս սփռել այդ գործի կարևորագույն փաստերի վրա»։
Հոկտեմբերին իր նախընտրական հայտարարության մեջ Բայդենն ասել էր. «Ջամալ Խաշոգջին և նրա հարազատները արժանի են ճշմարտության»։
Ինչպես գրում է Washington Post-ը, Խաշոգջիի գործի նկատմամբ Բայդենի հավատարմությունը կստուգվի «նրա երդմնակալությունից ընդամենը մի քանի շաբաթ անց, երբ Ազգային հետախուզության տնօրենի վարչությունը հաշվետվություններ հրապարակի»։
2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որը պարտավորեցնում է Ազգային հետախուզության տնօրենի վարչությանը հաշվետվություններ հրապարակել՝ ներկայացնելով այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքով մեղավոր են Խաշոգջիի սպանության համար: Սակայն Թրամփի օրոք հրապարակվել են փաստաթղթերի միայն խմբագրված տարբերակները։
Նշվում է, որ Խաշոգջիի գործի հետաքննության հետ կապված ԱՄՆ-ից այլ ներքին փաստաթղթեր պահանջող դատական հայցերը պետք է տեղի ունենան հաջորդ տարվա սկզբին։
«Նախընտրական խոստումները հեշտ են տրվում, իսկ դրանք կատարելը դժվար է։ Հետաձգված արդարադատությունը արդարադատության մերժումն է»,-գրում է թերթը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Էր Ռիադի քրեական հարցերով դատարանը Խաշոգջիի սպանության գործով անցնող 11 հոգուց հինգին դատապարտել էր մահապատժի, երեքին՝ երկարաժամկետ ազատազրկման, ևս երեքին ազատ են արձակել: ՄԱԿ-ը դատապարտել էր Սաուդյան Արաբիայի դատարանի որոշումը՝ այն «ծիծաղելի» անվանելով:
Սաուդացի լրագրողը սպանվել է 2018թ․ հոկտեմբերի երկուսին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում:










