Իշխող քաղաքական թիմը այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել, այս վարչակազմից վայրկյան առաջ պետք է ազատվել. առողջապահության նախկին փոխնախարարը դիմել է բուժաշխատողներին

21:31 • 18.12.20

Առողջապահության նախկին փոխնախարար, բժիշկ  Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով բուժաշխատողներին: Նա մասնավորապես նշել է այսօր հարկավոր է մեկ խնդիր լուծել և վայրկյան առաջ ազատվել ներկայիս վարչակազմից: Գրառումը՝ ստորև.

«Խոսքս ուղղում եմ բուժաշխատող իմ բոլոր ընկերներին:

Սիրելի բուժաշխատողներ, ինչպես գիտենք, անկախ մեր կարգավիճակից, բուժաշխատողի նախկին չի լինում:

Դիմում եմ Ձեզ, քանի որ մեզանից շատերը լավագույն տարիները, կյանքն ու առողջությունը նվիրել ենք մեր պետությանը և պետականությանը ծառայելուն, Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծմանը:

Իշխող քաղաքական թիմը այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել:

Ուստի, ինձ հետ համակարծիք բուժաշխատողներին ակնկալում եմ տեսնել հանուն Հայրենիքի փրկության շարժման բոլոր երթերին և ցույցերին, մասնավորապես գալիք երեքշաբթի օրը՝ ժամը 12:00, Հանրապետության հրապարակում:

Այժմ նախկինների ու նորերի բաժանվելու և անձնական ամբիցիաների ժամանակը չէ, քանի որ օրակարգում մեր Պետության և բոլորիս լինել ու չլինելու հարցն է:

Այսօր բոլորս մեկ գերակա և առաջնային խնդիր պետք է լուծենք՝ ներկայիս վարչակազմից վայրկյան առաջ պետք է ազատվել»: