«Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը վտանգում է ԱՄՆ անձնակազմի և ռազմական տեխնիկայի անվտանգությունը». Պոմպեոն դիմել է Չավուշօղլուին

12:18 • 18.12.20

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի առաջին տեղակալ Քեյլ Բրաունը տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքից:

Բրաունի հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ`քննարկելու դեկտեմբերի 14-ին ԱՄՆ կողմից պատժամիջոցների սահմանումը` ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի նկատմամբ` ռուսական արտադրության С -400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումների համար, ինչպես պահանջվում է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով (CAATSA):

Պետքարտուղար Պոմպեոն պարզաբանել է, որ Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը վտանգում է ԱՄՆ անձնակազմի և ռազմական տեխնիկայի անվտանգությունը և թույլ է տալիս Ռուսաստանին մուտք գործել թուրքական զինված ուժեր և պաշտպանական արդյունաբերություն:

Պետքարտուղարը ընդգծել է, որ պատժամիջոցների նպատակն է կանխել Ռուսաստանին էական եկամուտների և ազդեցության հասանելիությունը, և դրանք նպատակ չունեն խաթարելու Թուրքիայի կամ ԱՄՆ այլ դաշնակցի կամ գործընկերոջ ռազմական կարողությունները կամ մարտական պատրաստությունը: Քարտուղար Պոմպեոն նաև հորդորել է Թուրքիային լուծել С-400- ի հարցը այնպես, ինչպես համահունչ է մեր պաշտպանական ոլորտի համագործակցության տասնամյակների պատմությանը և վերստին հանձն առնել ՆԱՏՕ-ի հետ համապատասխան սպառազինություն գնելու իր պարտավորությունները»:

Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնումը, չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ստեղծած ճգնաժամին, սկսվել է դեռևս 2019 թվականին: